Գործող օրենքը համակարգին թույլ է տվել զարգանալ, սակայն տարիների ընթացքում նոր մոտեցումների պահանջ է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նոր օրինագծի մշակմանը: Այս մասին փետրվարի 19-ին պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Աղետների ռիսկերի կառավարման ու բնակչության պաշտպանության» թեմայով օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ​​ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

Գործող օրենքը, Մաթեւոսյանի խոսքով, կոչվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք, որը կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաեւ նախազգուշական միջոցառումների եւ արագ արձագանքման բաժիններ է պարունակում: «Նոր օրինագիծը կենտրոնացված է երեք ուղղությունների վրա` աղետների ռիսկի նվազեցում, արագ արձագանքում եւ արտակարգ իրավիճակներում շուտափույթ վերականգնում, ինչպես նաեւ` վերականգնման աշխատանքների իրականացում: Օրինագծում նաեւ մի կարեւոր կետ կա. խոսքն արտակարգ դրություն հայտարարելու մասին է: Մենք տեսնում ենք, որ այսօր այսպիսի անհրաժեշտության պահանջարկ կա: Օրինակ, Չինաստանի ներկայիս իրավիճակը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է պետք  արտակարգ դրություն հայտարարել եւ սահմանափակել հասարակության գործունեությունը: Այս օրենսդրական նախաձեռնությունն, ըստ էության, սահմանում է արտակարգ դրության էությունը»,- պարզաբանեց Համլետ Մաթեւոսյանը: