ՀՅԴ առաջարկը՝ կենսապահովման նվազագույն բյուջեն սահմանել 61 հազար դրամ, ինքնանպատակ չէ եւ մանրամասն հաշվարկների արդյունք է։ Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին  ասաց տնտեսագետ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«61 հազար դրամի մեր այդ հաշվարկը պայմանավորված է պարենային զամբյուղի օրական 2412 կկալ էներգետիկ արժեքով, ինչը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային  կազմակերպության, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, ինչպես նաեւ Հայաստանի Առողջապահության նախարարության մեթոդաբանությանը։ Հաշվարկը համապատասխանում է նաեւ միջազգային փորձագիտական գնահատականներին։ Հատկանշական է, որ ըստ նախատեսվածի՝ միջինը մարդն օրական ստանում է 2650-2700 կկալ էներգիա, զարգացած երկրներում ընդունելի մեծություն է համարվում 3400 կկալը, իսկ «սոված» երկրներում՝ 2020 կկալից ցածր ցուցանիշը։ Մենք վերցրել ենք այն միջինը, որը Հայաստանի քաղաքացուն հնարավորություն կտա գոյատեւման պարենային նվազագույն բյուջե ունենալ, ընդ որում, ՀՅԴ առաջարկով կենսապահովման նվազագույն բյուջեն պետք է յուրաքանչյուր տարի վերանայվի եւ վերահաշվարկվի՝ հաշվի առնելով նախորդ տարվա միջին գնաճը»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի համոզմամբ, կառավարությունը պետք է անի ամեն բան, որպեսզի իր քաղաքականությունն ուղղի նվազագույնի շեմն ապահովելուն, մինչդեռ կենսապահովման նվազագույն բյուջեն 61 հազար դրամի հասցնելու ՀՅԴ առաջարկության քննարկումն Ազգային ժողովում հետաձգվել է։ «Եթե կառավարությունը չի կարողանում անել դա, պետք է միանգամից ասի դրա մասին»,- նկատեց պատգամավորը։  

Նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղի, նվազագույն  թոշակների եւ նպաստների մասին ՀՅԴ օրինագիծը Հայաստանի խորհրդարանը քննարկել է ապրիլի 12-ին։

Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսվում է նվազագույն սպառողական զամբյուղի չափը հասցնել 61 հազար դրամի, նվազագույն թոշակները եւ նպաստները եւս դրանից ցածր չպիտի լինեն:

Ներկայումս Հայաստանում նվազագույն թոշակի չափը 28 հազար դրամ է, իսկ նվազագույն նպաստինը՝ 27 հազար դրամ։ Իսկ ահա նվազագույն սպառողական զամբյուղի չափն ընդհանրապես սահմանված չէ:

Նշենք, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը եւ կառավարությունը դեմ են այս օրինագծին՝ ասելով, որ նմանօրինակ բարեփոխումների համար պետությունը միջոցներ չունի: