Հայաստանի կառավարությունը որոշել է, որ խաղատները այսուհետ պետք է բյուջե վճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները 50-ական միլիոն:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին», «Պետական տուրքի մասին» , «Շահութահարկի մասին» ,"Ավելացված արժեքի մասին" ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Օրենսդրական այս փաթեթն ուղղված է երկրում խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն, մի ոլորտ, որի վերաբերող որոշումները ՀՀ վարչապետի դիտարկմամբ հաճախ խեղաթյուրվում են: Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է այդ օբյեկտների համար, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն: կառավարությունն առաջարկել է, որ խաղատները վճարեն 400- ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50-ական միլիոն: Նշված օրինագծերը սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով: