ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից այս տարի ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն արտասանելու հավանականությունը զրոյի է հավասար։ Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Կարտասանի՞ Օբաման այս տարի «ցեղասպանություն» բառը, թե` ոչ, այնքան էլ կարեւոր չէ։ Այդ մտքի վրա չարժե կենտրոնանալ, որովհետեւ բարոյական ոլորտի հայտարարություններից առավել կարեւոր են իրական, շոշափելի արդյունքները։ Եթե Օբամայի կողմից այդ բառն արտասանելուն չհետեւեն կոնկրետ գործողություններ, ապա այդ հայտարարությունը ոչ մի նշանակություն էլ չի ունենա»,- ասաց թուրքագետն՝ ավելացնելով, որ իր համոզմամբ, ԱՄՆ նախագահն այս տարի եւս կօգտագործի «Մեծ եղեռն» եզրույթը։
Անդրադառնալով Հայաստանում օսմաներենի մասնագետ լինել-չլինելու խնդրին, Ռուբեն Մելքոնյանն ասաց. «Ես, որպես ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի փոխդեկան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հանրապետությունում օսմաներեն կարդացող մասնագետներ, քիչ թվով, սակայն կան։ Երեք տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի (ով նաեւ ԵՊՀ խորհրդի նախագահն է) հանձնարարականով, բացվեց օսմանագիտության մագիստրոսական ծրագիր։ Շրջանավարտների մեկ սերունդ մենք արդեն տվել ենք, այս տարի կավարտի նաեւ 3 հոգանոց երկրորդ խումբը։ Հավաստիացնում եմ, որ նրանք օսմաներենին տիրապետում են բավարար մակարդակով եւ նրանցից երկուսն այժմ զբաղված են թուրքական արխիվային փաստաթղթերի թարգմանությամբ։ Իհարկե, Հայաստանում օսմանագիտության դպրոցը դեռ կայացած չէ, սակայն դրա վերստեղծման հիմքերն արդեն դրվում են»,- նկատեց թուրքագետը։





























