ՌԴ Պետական դուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին երկու արձանագրություն, որոնք նախատեսում են դրա մեջ Միության անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նոր նորմատիվների ամրագրում: Արձանագրությունները ստորագրվել են 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ առաջին արձանագրության՝ ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվները 2020 թվականի հունվարի 1-ից հաստատվում են հետեւյալ չափերով՝  Հայաստան՝ 1,220 տոկոս, Բելառուս՝ 4,860 տոկոս, Ղազախստան՝ 6,955 տոկոս, Ղրղզստան՝ 1,900 տոկոս, Ռուսաստան՝ 85,065 տոկոս:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այսպիսով ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման մեջ ՌԴ բաժինը 2020 թվականին 0,2 տոկոսային կետով կնվազի՝ ներկայիս 85,265 տոկոսից մինչեւ 85,065 տոկոս: Ռուսաստանից բացի, 0,1 տոկոսային կետով նվազել է Ղազախստանի բաժինը: Միեւնույն ժամանակ, Բելառուսի բաժինը մեծացել է 0,3 տոկոսային կետով:

Արձանագրությամբ նաեւ որոշվում է, որ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկման բարձրագույն մարմինները համատեղ վերահսկողական միջոցառումների շրջանակում ամեն տարի ստուգում են, թե անդամ պետությունների լիազոր մարմինները ինչպես են հետեւում արձանագրության դրույթներին: Փաստաթղթի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

Պետդումայի կողմից վավերացված երկրորդ արձանագրությունը փոփոխություններ է կատարում ԵՏՄ-ի մասին պայմանագրի մեջ եւ հաշվի է առնում Միության Մաքսային օրենսգրքի նորմերը՝ ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային եւ փոխհատուցման տուրքերի վճարման հաշվարկում կանխավճարային վճարումների հաշվարկի հնարավորության վերաբերյալ: