Դեռեւս 2011-ին Հայաստանի քաղավիացիան նման խնդիրների առաջ կանգնել է, այսինքն խնդիրները նոր չեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ հավելելով, որ ԻԿԱՕ-ն 2015-ին իր անցկացրած աուդիտի ժամանակ Հայաստանում թռիչքային անվտանգության հատվածը չի ստուգել:
2011 թվականին, ըստ Ռեւազյանի Արաբական Միացյալ Էմիրություններից մասնագետները Դուբայում ստուգումներ են իրականացրել եւ շատ լուրջ թերություններ են հայտնաբերել հայկական օդանավերում, որը ուղղակիորեն կարող է ազդել թռիչքային անվտանգության վրա. «Սկսել են կասկածել, թե ինչպես է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն իրականացնում իր տեսչական ստուգումները: Արդեն Հայաստան այցի ընթացքում հաստատվել է, որ իրականում Կոմիտեն խնդիրներ ունի, եւ արգելել են Հայաստանում գրանցված ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԱՄԷ: Մինչ այսօր էլ ՀՀ-ում գրանցված ընկերությունն իրավունք չունի թռիչքներ իրականացնել ԱՄԷ:
Այսինքն սխալ է քաղաքականացնել խնդիրը, իրար վրա գցել: Կարեւորն այստեղ այն է, որ մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք եւ որպես թիմ պատրաստ ենք այդ խնդիրները վերացնելու: Մենք պատրաստ չենք աչք փակել, ընդունում ենք, որ կան խնդիրներ»,-ասաց նա:



























