Բանկային համակարգում արդյունավետ տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը: Այս պահին արդյունավետ տոկոսադրույքը մոտ է 20 տոկոսին: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ նիստում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում թեկնածության հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահի միակ թեկնածու Մարտին Գալստյանը, որն առաջադրվել է «Իմ քայլի» կողմից:
Գալստյանը նշեց, որ առողջ, կայացած, թափանցիկ բիզնեսների համար բիզնես վարկերի արդյունավետ տոկոսադրույքը շատ ավելի ցածր է: «Այդ առումով շատ անելիքներ կան: Բայց այդ անելիքները համատեղ են, որպեսզի ստեղծենք այն միջավայրը, որ բիզնեսը լինի բաց, թափանցիկ ու հասկանալի, ունենանք աշխատող համակարգ, որի արդյունքում բանկերի կողմից վարկի տրամադրման ռիսկերը կզսպվեն, եւ բանկերի կողմից վարկերի տրամադրման տոկոսադրույքները կլինեն շատ ավելի ցածր»,-ասաց ԿԲ նախագահի թեկնածուն:
Նա հավելեց, որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքներն անշեղորեն նվազել են վերջին 10 տարում: «Վարկի տոկոսադրույքի հիմնական բաղադրիչներից մեկը ավանդատուներին տրվող ավանդի տոկոսն է, այսինքն՝ խնդիրը երկու կողմ ունի»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:




























