Ապրիլի 27-ից Վրաստանի իշխանությունները կսկսեն վերացնել արտակարգ դրության շրջանակներում հայտարարված սահմանափակումները: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 21-ին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: 10 օր անց երկրում պարետային ժամ էր մտցվել` 21: 00-ից 6:00-ն: Ապրիլի 17-ից արգելվել էր առանց հատուկ թույլտվության մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը, հայտնում է News-Georgia-ն:
Արդեն երկուշաբթի օրվանից կվերացվի ավտոմեքենաների տեղաշարժման արգելքը: Տաքսիները կվերսկսեն աշխատանքը: Բացի այդ, ապրիլի 27-ից Վրաստանում կթույլատրվի առցանց վաճառքը: Խոսքն ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ վաճառքի մասին է: Կթույլատրվի ցանկացած ապրանքի առաքումը: Մինչ այժմ միայն սննդի օբյեկտներին էր թույլատրվում առաքում իրականացնել: Երկուշաբթիից բացվում են նաեւ գյուղատնտեսական շուկաները: Իշխանությունները կթույլատրեն միայն որոշ բաց շուկաների աշխատանքը:
Սահմանափակումների թուլացման երկրորդ փուլի ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Ենթադրաբար, դա տեղի կունենա եւս երկու շաբաթ անց, այսինքն` մայիսի 11-ից: Կառավարությունը որոշել է, որ երկրորդ փուլում կվերսկսվեն շինարարությունը եւ շինարարության վերահսկմանը վերաբերող աշխատանքները, ինչպես նաեւ շինանյութերի արտադրությունը: Կբացվեն ավտոլվացման եւ ավտոմեքենաների սպասարկման կետերը, համակարգիչների եւ կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայությունները: Բացի այդ, կբացվեն նաեւ ռեկրեացիոն գոտիները:
«Սահմանափակումների չեղարկման երկրորդ փուլը, ենթադրաբար, կսկսվի 2 շաբաթից»,-հայտնել է Գախարիան:
Կբացվեն նաեւ առեւտրի կենտրոնները, բաց տեսակի ռեստորանները, ֆինանսական սպասարկման օբյեկտները, գեղեցկության սրահներն ու էսթետիկ բժշկության կենտրոնները:
Հաջորդիվ կբացվեն շուկաները, ինչպես նաեւ փակ տեսակի ռեստորաններն ու բարերը:
Վերջին հերթին կբացվեն կազինոներն ու հյուրանոցները, զվարճանքի կենտրոնները, մարզասրահները, կսկսվեն մշակութային միջոցառումները, ինչպես նաեւ կսկսվի կրթական հաստատությունների աշխատանքը:
Վարչապետը հավելել է, որ բոլորը պետք է հիշեն մասնագետների խորհուրդների մասին:





























