Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պարոն Չակրաբարտին ողջունել եւ դրական է համարել կոնորանավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը եւ նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է  Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաեւ երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առեւտրի եւ այլ ուղղություններով  մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության պատրաստակամության համար եւ նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը եւ շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացմանը:

Տեսակոնֆերանսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Սումա Չակրաբարտին մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի եւ դրա տնտեսական հետեւանքների վերաբերյալ: