Հայաստանի կառավարությունը առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ծնողներին իրենց նորածին երեխաներից հրաժարվելու հարկադրանքի համար՝ սպառնալիքի, սուտ վկայություն տալու, բռնության կիրառման եւ այլ միջոցներով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը, մասնավորապես, հայտարարեց, որ տվյալ երեւույթները պետք է պատժվեն 200-500 հազար դրամ տուգանքով, կամ ոչ ավելի քան 3 ամիս ժամկետով կալանավորմամբ, կամ 1-4 տարի ազատազրկմամբ։
«Առավել լուրջ պատասխանատվություն է սպառնում այն դեպքում, եթե տվյալ գործողությունը կատարել է բժիշկը, կամ մի խումբ մարդիկ՝ նախնական պայմանավորվածությամբ։ Այդ դեպքում պատիժը սահմանվում է 2-5 տարի ժամկետով։ Եթե տվյալ գործողությունները կատարվեն կազմակերպված խմբավորման կողմից կամ տուժողի մահվան պատճառ դառնան, կալանավորման ժամկետը պետք է կազմի 4-8 տարի ազատազրկում»,- պարզաբանեց Բաթոյանը։
Նա նաեւ նշեց, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը կօգնի պայքարել երեխաների անօրինական առեւտրի դեմ։
«Ինչպես ձեզ հայտնի է, անցյալ տարի գրանցվել են երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներից բաժանելու մի շարք դեպքեր։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը չափազանց կարեւոր է»,- ընդգծեց նա։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։



























