Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում1500 բնակարանից բաղկացած թաղամասում, որն առանց այդ էլ հագեցած է շենքերով ու ավտոտնակներով, և որտեղ չկան կանաչապատ տարածքներ, դպրոց և մանկապարտեզ, ևս մեկ բազմաբնակարան շենք են ցանկանում կառուցել: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին թաղամասի բնակիչները։

«Այս պահին այդ շենքի համար կա միայն նախագծման թույլտվություն, սակայն դեռևս չկա շինարարության թույլտվություն: Մի քանի օր առաջ շինարարական աշխատանքներ են տեղի ունեցել, որի ժամանակ վնասել են գազատար խողովակը, մի քանի ժամ շարունակ բնակիչները գազամատակարարումից զրկված են եղել»,- ասաց թաղամասի բնակիչներից Արման Միրզոյանը:

Բնակիչներից Լիաննա Լոբյանի խոսքով՝ թաղամասին ամենամոտ գտնվող դպրոցը տեղակայված է 2 կմ հեռավորությամբ, իսկ հանրային տրանսպորտն այնտեղ հասանելի չէ. «Միջին հաշվարկով յուրաքանչյուր ընտանիքում կա 2 դպրոցահասակ կամ նախադպրոցական տարիքի երեխա եւ տացվում է, որ 2000 երեխա չունի դպրոց, 500 երեխա չունի մանկապարտեզ: Ենթադրվում է, որ թաղամասում նախատեսված է եղել կառուցել այս կարևոր ենթակառուցվածքները, սակայն մի քանի տարի առաջ ամենաընդարձակ տարածքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սոցիալական պրոյեկտի անվան տակ զավթվեց, և գործարկումից հետո պարզվեց, որ այն բացառապես կոմերցիոն նշանակություն ունի: Դպրոցի տարեկան վարձը 1.5 մլն դրամ է, մանկապարտեզի ամսական վարձը՝ 160 հազար դրամ: Մեր թաղամասում ապրում են հիմնականում երիտասարդ ընտանիքներ, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նման բան»:

Համատիրության ներկայացուցչի խոսքով՝ իրենք փորձում են բանակցությունների միջոցով հասնել նրան, որ շենքը չկառուցվի այդ տարածքում, շենքի փոխարեն, եթե հնարավոր է,  քաղաքապետարանը կառուցի դպրոց: «Համատիրությունը գրավոր դիմել է քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին, որ այդ հարցում գան ընդհանուր հայտարարի և թաղամասի բնակիչների խնդիրը լուծեն, պետք չէ մեզ, որ վաղվանից սկսեն դպրոցի շինարարութունը, խնդիրը թող փուլ առ փուլ լուծեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այդ տարածքում, որ հիմա կառուցում են այդ շենքը, եթե չկառուցվի դպրոց, ապա այլ հնարավորություն իրենք չեն ունենա: «Հիմա սպասում ենք քաղաքապետարանի պատասխանին, թե ինչ ենք ուզում, մենք բնակիչներով մայիսի 5-ին գրավոր տեսքով ներկայացրել ենք քաղաքապետարան»,- ընդգծեց նա: