Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում այսօր՝ մայիսի 8–ին, երեխայի ծննդյան տարեդարձ են նշել, որին մասնակցած 30 քաղաքացիներից մեկի՝ մոտ 50–ամյա տղամարդու մոտ երեկ հանձնած թեստի պատասխանն այսօր դրական է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կաքավաձորի բնակիչներից մեկը։

«Երեխայի ծնունդ են նշել, որին մասնակցել են նաեւ հարազատները, նրանք մեր գյուղից չեն։ Հյուրերից մեկը երեկ հիվանդանոց է գնացել, առողջական խնդիր ունենալու պատճառով, բայց քանի որ նաեւ ջերմություն է ունեցել, կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այսօր եկել են գյուղ, խնջույքի ժամանակ այդ տղամարդուն զանգահարել են հիվանդանոցից եւ հայտնել, որ թեստի պատասխանը դրական է, նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա հիմա մեկուսացվել է Երեւանի հիվանդանոցներից մեկում, իսկ խնջույքի մասնակիցները թեստ են հանձնել եւ ինքնամեկուսացվել են»,– ասաց նա։

Կաքավաձոր համայնքի ղեկավար Հայկ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց լուրը. «Գյուղում մարդ տեղյակ չէ, բուժքրոջն էլ եմ զանգել, ոչ ոք տեղյակ չէ, ես չգիտեմ, որտեղից եք նման բան իմացել»։