2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում տեղակայված «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ամենը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաև՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել եւ կրակոցներ են հնչել:

Ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։ Ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։