ԱՄՀ-ն կարող է ավելի շատ կրճատել համաշխարհային աճի կանխատեսումները, քանի որ կորոնավիրուսի համավարակը շատ տնտեսությունների ավելի ուժեղ է հարվածում, քան նախկինում ենթադրվում էր։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարող տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։
«Շատ երկրներից եկող տվյալներն ավելի վատն են, քան մեր առանց այդ էլ հոռետեսական կանխատեսումները»,- Financial Times-ի կազմակերպած ասուլիսում հայտարարել է Գեորգիեւան՝ հավելելով․ «Հավանական է՝ հունիսին մեր կանխատեսումները թարմացնելիս ավելի շատ վատ լուրեր լինեն»։
Մեկ ամիս առաջ ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բիզնեսի փակումը աշխարհը կտանի 1930-ականներին Մեծ դեպրեսիայից հետո խորագույն ռեցեսիայի, ՀՆԱ-ի արտադրության ծավալը 2020թ․ կկրճատվի 3%-ով։
ԱՄՀ-ի բազային սցենարի համաձայն, որը նախատեսում էր համավարակի հետեւանքների թուլացում տարվա երկրորդ կեսին, 2021թ․ աճը պետք է կազմի 5,8%։ Սակայն ԱՄՀ-ն նաեւ հայտարարել է, որ իր կանխատեսումը այն ժամանակ հուսալի չէր եւ կախված էր ստացված տվյալներից։
Գեորգիեւայի խոսքերով՝ տվյալների վատացումը նաեւ կարող է նշանակել, որ զարգացող շուկաներին եւ տնտեսություններին համավարակի դեմ պայքարի համար կպահանջվի ավելի քան 2,5 տրլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում։




























