Արդեն 39 օր հայրենիք վերադառնալ չենք կարողանում, արգելափակման մեջ ենք,  Վերին Լարս անցակետի վրացական հատվածից ռուս-վրացական սահմանի չեզոք գոտի տարան, հիմա ՌԴ անցակետից 2 կմ հեռավորության վրա ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում: Այս մասին Tert.am-ին պատմել է արգելափակման մեջ մնացած քաղաքացի Սամվել Ներսիսյանը:

«Փոքր երեխաներ կան, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մարդատար 14-15 մենքենաններով, 40-45 հոգի ենք: Ուզում ենք գալ հայրենիք: Վրաստանն ասում է՝ թող ԱԳ նախարարությունից մեկը գա ձեզ տանի, բայց մեր հանրապետությունը մեզ ընդունել չի ուզում: Ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ-ն բանակցնեն, հետ գանք մեր հայրենիք»,-ասել է նա:

Լուրը, թե Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ որպես լուծման տարբերակ` իրենք առաջարկել են կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը, Սամվել Ներսիսյանը հերքել է․

«Ստում են, մենք տեսանյութն ունենք, որ մեզ ոմն Քանանյան մոտեցավ, ասաց, որ մեր հաշվին հետ գնանք Սոչի, Սոչի-Երևան տոմսն էլ մեր հաշվին առնենք՝ 9 հազար ռուբլի է, ավտոկայանտեղիում էլ մեքենան թողնելը օրական 50 ռուբլի է, ոչ ոք չգիտի՝ երբ սահմանը կբացվի: Բացատրեցինք, որ չենք կարող, ասացին՝ կարող են 6 անձի ծախսերը հոգալ, պատասխանեցինք, որ կանանց և ծերերի, երեխաների թիվը 13 է, գոնե իրենց ծախսերը հոգան, գնացին ու էլ չեկան:

Հիմա փորձում են իրենց բարերար ներկայացնել: Մենք բոլոր տեսանյութերն ունենք, որտեղ մեզ հետ ինչպես են վարվել, ինչ են ասել, թող ստեր չտարածեն, թող չասեն՝ հայրենակիցների մասին մտածում են, այդպես չէ: Հիմա չգիտենք՝ էս անտառներում ինչքան ենք մնալու, ինչ ենք անելու»,- նշել է Ս/Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի:

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնք համակարգում են մարդկանց վերադարձը Հայաստան: