Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը մամուլի ասուլիսում ներկայացրեց «Կոլցո» գործողության (1991 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վտարելու փորձը – խմբ.) պատճառների իր տեսլականը:

Բալայանի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը (անկախ Հայաստանի ապագա առաջին նախագահը – խմբ.) գնացել էր Ֆրանսիա, կարծես թե, բուժվելու: Վերադարձի ճանապարհին, երբ Տեր-Պետրոսյանը Մոսկվայում էր, նրան զանգահարել է ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ Կրյուչկովը եւ հայտնել, որ Գորբաչովը ցանկանում է նրան տեսնել: Տեր-Պետրոսյանը խուսափել է հանդիպումից, դրա փոխարեն անցկացրել է մամուլի ասուլիս՝ էլ ավելի սրելով Մոսկվայի հետ հարաբերությունները:

«Երեւան գալով՝ Տեր-Պետրոսյանը խոսել է Գորբաչովի հետ հեռախոսով, իսկ հաջորդ օրը գումարել է նախագահության նիստ»,- պատմեց Բալայանը: Նիստն ընթանում էր Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարի նախկին աշխատասենյակում: «Տեր-Պետրոսյանը միացրել էր զրույցի ձայնագրությունը: Բոլոր լուռ լսում էին, ոմանք ակնհայտ հաճույքով: Եվ միայն ես վրդովվեցի ու խնդրեցի ձայնագրությունը կանգնեցնել»,- հայտնեց Բալայանը: Բանն այն էր, որ երկրի առաջին պաշտոնյայի աշխատասենյակը, հավանաբար, գաղտնալսվում էր, եւ «Կոլցո» գործողությունը դարձավ այս բոլոր գործողությունների պատասխանը: