SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը դիմել է ընկերության աշխատակիցներին՝ կոչ անելով «զգալիորեն եւ անհապաղ» արագացնել Starship  նոր սերնդի տիեզերանավի մշակումը, պատմում է CNBC-ն՝ վկայակոչելով աշխատակիցների ստացած էլ-նամակը:

«Խնդրում եմ, հաշվի առեք, որ առաջնային խնդիրը SpaceX-ում (բացի այն ամենից, ինչը կարող է նվազեցնել ռիսկերը Dragon-ի վերադարձ թռիչքի ընթացքում) Starship-ն է»,- գրել է Մասկը:

Մայիսի 30-ին նրա ընկերությունը Falcon 9 հրթիռով եւ Crew Dragon պարկուճով ամերիկացի երկու տիեզերագնացներին ուղարկեց միջազգային տիեզերակայան: Հրթիռն արդեն հաջողությամբ վերադարձել է Երկիր, իսկ տիեզերագնացները դեռ պետք է հետ թռչեն մի քանի ամսից, հայտնում է HighTech +-ը:

Այնուամենայնիվ, Մասկը կարծում է, որ ժամանակն է անցնել Մարսի վրա քաղաքի կառուցմանն իրեն մոտեցնող հաջորդ նպատակին՝  միջմոլորակային Starship տիեզերանավի արձակմանը, ինչն անհրաժեշտ է Արեւային համակարգի գաղութացման ծրագրի իրականացման համար:

Անցյալ շաբաթ Մասկը հաստատել էր, որ չի հրաժարվել այդ պլաններից. SpaceX-ի ղեկավարը դրական պատասխան էր տվել Twitter-ի օգտատերերից մեկի հարցին՝ արդյոք 2020-ը շարունակում է մնալ բեռներով Մարս թռնելու տարին, իսկ 2024-ը՝ անձնակազմով առաջին թռիչքի: