Ես գործում եմ նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում եւ չեմ պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որեւէ մեկին կամ որեւէ խմբի դուր գալու համար: Այս մասին, «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» եւ Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կաետարել իր հավասարակշռող եւ ազգային միասնականությանն աջակցող դերը»,- ընդգծել է նա:
Նախագահը նշել է, որ, անշուշտ, որպես քաղաքացի եւ անհատ, ինքն ունի իր կարծիքը երկրում տեղի ունեցող իրադարձությունների կամ երեւույթների վերաբերյալ: «Ես հասկանում եմ, որ սպասումները նախագահից՝ որպես պետության գլուխ, մեծ են, սակայն, հաշվի առնելով, թե սահմանադրությամբ ինչպիսի սահմանափակ եւ կոնկրետ լիազորություններ են վերապահված Հանրապետության նախագահին, այդ ակնկալիքներն հաճախ իրատեսական չեն»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, նախագահն ասել է, որ պետությունը, քաղաքական ուժերը, տնտեսվարողները եւ հասարակությունն ինքը պետք է շահագրգրված լինեն ունենալ իրական ազատ եւ անկախ մամուլ ունենալու հարցում: «Պրոֆեսիոնալ, անաչառ մամուլի կայացումը թե ներքին, թե արտաքին առումով ես համարում եմ ազգային անվտանգության խնդիր»,- նշել է Հանրապետության նախագահը:





























