Հայաստանում 2010 թ. համերգային դահլիճներում կազմակերպվել է 499 համերգ, որոնց ներկա է եղել 206.2 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 63.3: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն անձը տարվա ընթացքում կարող է մի քանի համերգ գնալ, ապա առավել հավանական է, որ մեր երկրում 1000-ից միայն 20-ը կամ 30-նն է համերգ հաճախում։ Սա այն դեպքում, երբ այդ 499 համերգներից 93-ը (գրեթե յուրաքանչյուր հինգերորդը) եղել են բարեգործական։

Համերգների կազմակերպմամբ զբաղվում են 19 կազմակերպություններ։ Ստացված ընդհանուր հասույթը 2010 թ. կազմել է 53.3 մլն. դրամ (մոտ 145 հազ. դոլար): Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է ընդամենը 106.7 հազ. դրամ (մոտ 290 դոլար), ընդ որում, գյուղական համայնքներում այդ ցուցանիշը կազմել է 59.5 հազ. դրամ (մոտ 160 դոլար):

Արտերկրում կազմակերպված 18 համերգ-հյուրախաղերից 4-ը տեղի է ունեցել Եգիպտոսում, 3-ը` Չինաստանում, 2-ական` Գերմանիայում եւ Սիրիայում, 1-ը` Ֆրանսիայում, 6-ը` ԱՊՀ երկրներում: