Չինական դեղագործական Sinopharm ընկերության պատվաստանյութը շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերին՝ մոտ 150 դոլարով: Ինչպես հայտարարել է կառավարման խորհրդի նախագահ, ընկերության կուսակցական հանձնաժողովի քարտուղար Լյու Ցզինչժենը, դա հնարավոր կդառնա կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միջազգային կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի ավարտից հետո հնարավոր կլինի սկսել ոչ ակտիվ պատվաստանյութերի գրանցումը: Ըստ մեր հաշվարկների՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը այն կարող է հայտնվել շուկայում»,- ասել է նա: «Մեր կանխատեսումների համաձայն, Պեկինի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը կկարողանա տարեկան արտադրել մինչեւ 120 միլիոն ոչ ակտիվացված պատվաստանյութեր, եւս 100 միլիոնը կարտադրի Ուհանի կենսաբանական դեղամիջոցների ինստիտուտը»,- հավելել է նա:
«Ինձ անձամբ պատվաստանյութի երկու ներարկում են արել, կողմնակի ազդեցություններ չկան»,- ասել է Լյու Ցզինչժենը: «Այն բանից հետո, երբ ոչ ակտիվ պատվաստանյութը վաճառվի շուկայում, դրա գինը շատ բարձր չի լինի, այն կլինի մի քանի հարյուր յուանի սահմաններում: Եթե խոսենք երկու ներարկման մասին, գինը կլինի 1000 յուանի սահմաններում (մոտ 144 դոլար)»,- ասել է նա:
«Մեկ ներարկում անելու դեպքում պաշտպանության հավանականությունը մոտ 97% է, հակամարմինները դանդաղ են արտադրվում»,- ասել է Ցզինչժենը: «Սովորաբար անհրաժեշտ է մոտ կես ամիս, որպեսզի հասնել այնպիսի մակարդակի, որը բավարար կլինի COVID-19-ին դիմակայելու համար: Եթե երկու ներարկում արվի, պաշտպանվածության հավանականությունը կարող է հասնել 100%-ի»,- հավելել է նա: «Առաջին եւ երկրորդ ներարկման միջեւ ընկած ժամանակահատվածը սովորաբար 28 օր է: Բացառիկ դեպքերում ձախ եւ աջ նախաբազուկներում միաժամանակ կարելի է կատարել երկու ներարկում: Յուրաքանչյուր ներարկումը կազմում է դեղամիջոցի 4 միկրոգրամ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Ըստ նրա, պետք չէ պատվաստել Չինաստանի բոլոր 1,4 միլիարդ բնակիչներին, պատվաստումները պետք է արվեն երկրի խիտ բնակեցված տարածքներում ապրող աշխատող մարդկանց:
Ուհանի կենսաբանական ինստիտուտի եւ Պեկինի կենսաբանական հետազոտական ինստիտուտի Sinopharm-ը ստացել է պատվաստանյութերի փորձարկման առաջին եւ երկրորդ փուլերի թույլտվությունը, որի արդյունքները հրապարակվել են հունիսին: Հունիսի 23-ին Sinopharm-ը ԱՄԷ-ում սկսել է ոչ ակտիվ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:





























