Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովում կա 2 հարց, որոնց շուրջ առկա է կոնսենսուս։ Դրանցից մեկը կապված է խորհրդարանական հանրապետության պահպանման հետ, իսկ երկրորդը՝ կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվելու։ Այս մասին օգոստոսի 21-ին ընտրական բարեփոխումների թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ օրակարգում մի շարք հարցեր կան՝ կապված ընտրական իրավունքի եւ իշխանության ձեւավորման հետ։

«Դրանցից մեկը վերաբերում է պասիվ ընտրական իրավունքի տարիքային շեմին, երկրորդը՝ երկրի նախագահի ընտրության մեխանիզմին, երրորդը՝ հանրահավաքների մեխանիզմին, իսկ վերջինը՝ կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում կառավարության ձեւավորմանը։ Տարիքային շեմի կապակցությամբ քննարկվում է 3 սցենար․ 1) թողնել անփոփոխ, 2) ընտրական տարիքը նվազեցնել մինչեւ 16-17, 3) օրենսդիր մարմնին ազատություն տալ որոշելու, թե այս կամ այն ընտրութանը տարիքային ինչ շեմ սահմանել»,- նշեց նա։

Իոաննիսյանը պարզաբանեց, որ Հայաստանում քաղաքացին իրավունք ունի 16 տարեկանից ընտանիք կազմել, աշխատել, հարկեր վճարել, մասնակցել հավաքներին, եւ ճիշտ նույն կերպ նրան կարելի է տալ ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորմանը մասնակցելու իրավունք։

«2018 թվականի գարնանը այս տարիքային խմբի մարդիկ դուրս էին եկել փողոցներ եւ մասնակցում էին իշխանության ձեւավորմանը, այսինքն՝ նրանք կարող են գործընթացին մասնակցել նաեւ քվեարկության ճանապարհով»,- հավելեց նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ընտրական տարիքը մինչեւ 16 տարեկան նվազեցնելը միայն իրավաբանորեն կգրանցի այն, ինչը դե ֆակտո գոյություն ունի։

«Մենք տեսնում ենք, որ երիտասարդները ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ակտիվորեն մասնակցում են հասարակական եւ քաղաքական գործընթացներին։ Առաջարկվող փոփոխությունը կդառնա երկրում ժողովրդավարության եւ խոսքի ազատության զարգացման կարեւորագոյն դրսեւորում»,- ամփոփեց նա։