«Լիդիանի Արմենիա»–ի շուրջ վերջին զարգացումների մասին NEWS.am-ը զրուցել է ընկերության իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս Նունե Հայրապետյանի հետ։

Իրավիվիճակն Ամուլսարի տարածքում նորից լարված է, դուք դիմել եք ոստիկանություն՝ կանխելու հնարավոր բախումները, Ամուլսարի դեմ պայքարողները ասում են, որ միեւնույն է, ձեզ թույլ չեն տալու աշխատել։

Ոստիկանությանը մենք դիմել են արդեն տասնյակ անգամ։ Վաղուց արդեն հայտարարել ենք, որ ոստիկանությունը չի կատարում իր պարտականությունները։ Օրինազանցներն անպատժելիության պայմաններում արդեն ակնհայտ ագրեսիա են դրսևորում, սպառնում են համայնքի բնակիչներին, ովքեր աշխատում են։ Արյունահեղությամբ են սպառնում, որպեսզի մարդկանց վախեցնեն։ Ամենայն հավանականությամբ, նրանց անհանգստացրել է Լիդիանի ստացած դիմում–հայտերի մեծ քանակը, ինչն ապացույց է, որ համայնքի բնակչությունը ցանկություն ունի աշխատելու Ամուլսարում։ Մենք ենթադրում ենք, որ օրինազանցները բորբոքվել են հենց այս փաստից, ու որոշել են մարդկանց վախեցնել։ Լիդիանն ընդամենը երկու շաբաթում մոտ 500 դիմում է ստացել հիմնականում շրջակա համայնքերի բնակիչներից՝ Ամուլսարում աշխատելու համար։

Այդուհանդերձ, իրավիճակը գնալով սրվում է, դուք էլ փոխում եք ձեր պահնորդներին, ձեր կարծիքով, դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հարցի լուծում լինել։

Լիդիանն իրավունք ունի իր պահնորդներին փոխել՝ երբ ցանկանա, դրա հետ որևէ բան կապել պետք չէ։ Պահնորդները կատարում են իրենց պարտականությունները, և ինչ կազմակերպություն էլ ընտրենք, այդպես են վարվելու։ Պահնորդական ծառայության գործն է պաշտպանել ընկերության օրինական շահերը և ապահովել անվտանգությունը։ Անհասկանալի է, թե ինչ պահանջներ կարող են ունենալ մի խումբ օրինազանցները ընկերության պահնորդների վերաբերյալ։

Բայց չէ՞ որ ձեր ձեւակերպմամբ «օրինազանցները» համայնքի բնակիչներ են եւ ակնկալում են, որ իրենց կարծիքը նույնպես պետք է հաշվի առնվի, մինչդեռ երեկ ուղիղ եթերում, երբ տարածք էր մտել Լիդիանի նոր պահնորդական ծառայությունը, Ամուլսարի դեմ պայքարողները բողոքում էին, որ իրենց հետ չեք բանակցել կամ երկխոսել։

Բայց չէ՞ որ Լիդիանում աշխատողներն ու աշխատել ցանկացողները նույնպես համայնքից են, եւ եթե մի կողմ թողնենք իրավական կողմը, նույնիսկ պարզ մաթեմատիկական հաշվարկով համայնքում աշխատելու ցանկություն ունեցողները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ճանապարհ փակողները։ Բանակցել եւ երկխոսել Լիդիանը կարող է միայն օրենքի շրջանակում։ Ապօրինության ծավալի ու չափերի կամ «թույլատրելի» դրսեւորումների շուրջ Լիդիանը չի բանակցելու։ Մենք առավել քան վստահ ենք, որ համայնքը ցանկանում է, որ ծրագիրն աշխատի, համայնքը հասկանում է, որ իրեն գցել են մոլորության մեջ, եւ բնապահպանական ոչ մի խնդիր իրականում Ամուլսարի դեմ պայքարի հետեւում չկա։ Սա զորբայության պայքար է։ Երկխոսել մենք կարող ենք միայն օրինականության վերականգնման եւ այդ շրջանակներում համայնքի համար լավագույն լուծումները գտնելու շուրջ, եթե դիմացի կողմը դրան պատրաստ է։

Բայց ճանապարհ փակողները կարող են չհամաձայնել դրա շուրջ երկխոսելու։ Դուք մտահոգված չե՞ք, որ հակադրությունը կարող է սրվել, եւ իսկապես լուրջ բախումներ տեղի ունենան։

Իհարկե, մտահոգված ենք։ Եվ շատ զարմանալի է, թե ինչու ոստիկանությունը մտահոգված չէ։ 15 մարդ հարձակում է գործում Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի վրա, արյան սպառնալիքներով են խոսում, քարեր են նետում, ապօրինի շրջափակում են տարածքը, խոչընդոտում աշխատանքը։ Այս ամենը պետք է մտահոգի պաշտոնյաներին, ովքեր պարտավոր են օրինականություն և կարգ ու կանոն հաստատել։ Անիշխանություն, անարխիա, սպառնալիքներ, բռնություն՝ սա ոչ օրենքի, ոչ պետական շահի տեսանկյունից չի կարող լավ տեղ տանել։ Ոստիկանության տևական անգործությունը սպառնում է համայնքի բնակիչների անվտանգությանը եւ սա պետք է մտահոգի ոչ միայն մեզ, այլեւ Հայաստանը որպես օրենքի երկիր տեսնել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացու եւ, իհարկե, պատկան մարմիններին, որոնք ի պաշտոնե են պարտավոր փարատել այդ մտահոգությունները ու երաշխավորել մարդկանց անվտանգությունը։