Աղբ հավաքողները, մթերային խանութների գանձապահները, արտասահմանցի բուժքույրերը եւ բժիշկները, ովքեր աշխատել են երկրի համար ճգնաժամային պայմաններում, կարող են ավելի արագ դառնալ Ֆրանսիայի քաղաքացիներ, քան մյուս դիմողները, ասել է քաղաքացիության հարցերով նախարար Մարլեն Շյապան:
Նախարարը Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է «արագացնել քաղաքացիություն ստանալու ընթացակարգը այն արտասահմանցիների համար, ովքեր կարանտինի ընթացքում առաջնագծում էին»:
Ընդ որում Մարլեն Շյապան պարզաբանել է, որ խոսքը նրանց մասին է, ովքեր արդեն դիմել են Ֆրանսիայում քաղաքացիություն ստանալու համար: Այս մտադրություններն իրականացնելու համար նախարարը պատրաստվում է հատուկ հանձնարարական-շրջաբերական ուղարկել պրեֆեկտուրաներին, հայտնում է RFI-ն:
Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հետ միասին, նա հաստատում է, որ այսուհետ ֆրանսիական քաղաքացիություն ստանալը պետք է դառնա ավելի քիչ ֆորմալ, բայց ավելի հանդիսավոր:
Նրանց թվում, ովքեր աշխատել են այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը տանը նստած էր, նախարարը առաջին հերթին անվանել է աղբ հավաքողներին, մթերային խանութների գանձապահներին, բուժքույրերին եւ բժիշկներին:





























