ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս կրճատել ինքնամեկուսացման երկշաբաթյա ժամանակահատվածը այն անձանց համար, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա Վան Կերկխովեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկու շաբաթը հայտնի ինկուբացիոն շրջանն է այն պահից, երբ մարդը շփման մեջ է եղել վարակակրի հետ, երբ կարող են ի հայտ գալ հնարավոր առաջին ախտանիշները»,- ասել է նա: «Այս հայտարարությունը հիմնված է այն տվյալների վրա, որոնք կան մեր տրամադրության տակ»:

«Որոշ երկրներ մտածում են՝ կարելի է արդյոք այս երկշաբաթյա ժամկետը կրճատել»,- ասել է մասնագետը: «Որքան ես եմ հասկանում, նրանք ցանկանում են կրճատել ժամկետը, բայց ավելացնել թեսթերի քանակը»:

«Մենք դիտարկում ենք այս հնարավորությունը, բայց այս պահին, մինչեւ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքները ստանալը, ինքնամեկուսացման առաջարկվող ժամանակահատվածը մնում է 14 օրը»,- ասել է Վան Կերկխովեն: - Ինկուբացիոն շրջանը՝ վարակի պահից մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը կարող է տեւել 2-10 օր: Հետեւաբար, 14 օրն այն թիվն է, որն իսկապես կարող է օգնել մեզ կանխել վիրուսի տարածումը»:

Իր հերթին, ԱՀԿ առողջության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ասել է, որ երկու շաբաթ տեւող ինքնամեկուսացումը կամ կարանտինը անհիմն է համարում ճանապարհորդների, այլ երկրից ժամանած անձանց համար, եթե նրանք շփման մեջ չեն եղել վարակվածների հետ: Նրա կարծիքով, նման իրավիճակներում բավական է, որ մարդիկ իրենց պատասխանատու պահեն, տեղական իշխանություններին հայտնեն իրենց գտնվելու վայրի մասին եւ առաջին ախտանիշների հայտնվելու դեպքում դիմեն մասնագետներին: