Առանց էմոցիայի կընդունեմ ԱԺ ինչպես դրական, այնպես էլ բացասական քվեարկությունը, բացասականի արդյունքի դեպքում որեւէ ողբերգություն չեմ տեսնի: Այս մասին այսօր ԱԺ Նիստում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
Սիմոնյանը, մասնավորապես, հարցրեց. «Պատկերացրեք, որ դուք այստեղ նստած պատգամավորներից մեկն եք, եւ մարդն արդեն երկրորդ անգամ այս ամբիոնից ներկայացնում է իր թեկնածությունը: Դուք առաջին անգամ աջակցում եք նրան, սակայն նա ինչ-ինչ պատճառներով չի կատարում իր պարտականությունները: Արդյո՞ք երկրորդ անգամ կքվեարկեիք նրա օգտին: Եվ արդյո՞ք նրա առաջադրումը ձեր հանդեպ անարգանք չէիք համարի»:
Ի պատասխան Շաթիրյանն ասաց, որ նախ պետք է ֆիքսել, որ տվյալ դեպքում պատգամավորները գործ ունեն երկու ավտոնոմ պրոցեսների հետ:
«Ես տեղին չեմ համարում զուգահեռներ անցկացնելը: ԻՆչո՞ւ, որովհետեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման ժամանակ ես երկար ժամանակ աշխատել եմ դրան նախորդող մարմնում: ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակվ իմ մոտեցումներն էապես տարբերվում են: Ամեն դեպքում վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային ժողովը: Վստահ եմ, որ առանց էմոցիաների կընդունեմ ինչպես դրական, այնպես էլ բացասական քվեարկությունը»,-ասաց Շաթիրյանը:





























