Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա ավելի շատ դրական, քան բացասական զդեցություն կունենա, հոկտեմբերի 7-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը հայ գործարարների համար նոր հնարավորություններ կստեղծի՝ ներդրումների հոսքի, օտարերկրյա շուկաների տեսքով: Իհարկե, այդ ամենը կհանգեցնի մրցակցության ուժգնացման եւ Հայաստանի տնտեսության միջազգային ինտեգրման, ինչը նույնպես ունի իր դժվարությունները, եւ Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստ լինի դիմագրավելու դրանք:

Միեւնույն ժամանակ, Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ ծագող հարցերը կարելի է լուծել միջազգային տնտեսական կազմակերպությունների, որոնց անդամ են Թուրքիան եւ Հայաստանը, միջոցով: Նա նաեւ նկատեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարությունը կարող է միջոցառումներ կիրառել հայ արտադրողների շահերը պաշտպանելու համար, բայց ընդհանուր առմամբ թուրքական ապրանքների համար պետք է հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն: