Մայիսի 24-ին ԱԺ-ում կքննարկվի կառավարության պատասխանատվության մասին ՀՅԴ ներկայացրած հարցապնդումը։ Խմբակցությունն արդեն կառավարությունից ստացել է պատասխանը։ Հարցապնդումներից մեկն այն է, թե՝ բացի ֆինանսատնտեսական ճգնաժամից, է՞լ ինչով է կառավարությունը բացատրում Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության գործունեության ծրագրի, ինչպես նաեւ իր իսկ կողմից հաստատված ուղենիշների ձախողումները։
Կառավարությունից, ըստ «Երկիր»-ի, պատասխանել են, որ մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսական համակարգն արդեն իսկ կուտակել էր արտաքին ցնցումներին դիմակայելու թույլ կարողություններ եւ տնտեսությունում կար ճշգրտումների զգալի պահանջ, իսկ ճգնաժամն ուղղակի արագացրեց այդ գործընթացները։ «Կարող ենք փաստել, որ հիմնական ազդեցությունը սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա եղել է ճգնաժամը եւ նախկիններից ժառանգված արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաեւ՝ ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքները, որոնց շտկմանը ձեռնամուխ է եղել կառավարությունը»,- ասված է խմբակցության ստացած պատասխանում։
Կարելի է ենթադրել,- կարծիք է հայտնում թերթը,-որ «նախկիններ» ասելով՝ կառավարությունը երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար մեղադրում է նախկին վարչապետներ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի կառավարություններին։



























