Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել։ Այս եզրահանգումը տեղ է գտել էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարություն ներկայացված 2011 թ. ՏՏ ոլորտի խթանման ծրագրում:
Նշվել է, որ 2010թ. ՏՏ ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 55.1 մլրդ դրամ (մոտ 150 մլն դոլար):
Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 197 ՏՏ ընկերություններ, որոնցից 72-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ արտադրանքի շուկայի մոտ 37 տոկոսը)։ Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։
ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 39 տոկոսի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ։ 2010թ. ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ (մոտ 60 մլն դոլար)։ Արտահանման ծավալների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին եւ Կանադային, 19%-ը` Եվրամիության երկրներին, 8 տոկոսը` Ռուսաստանին եւ ԱՊՀ երկրներին։
ՏՏ ոլորտում ներգրավված են մոտ 5000 մասնագետներ։ «Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ արտադրանք եւ ծառայություններ տրամադրող երկիր»,- նշված է էկոնոմիկայի նախարարության ներկայացրած ծրագրում։



























