Նիդերլանդների Ալմելո քաղաքում մայիսի 21-ին հայերը տոնական միջոցառում են կազմակերպել` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով անդրադարձել է Առաջին հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար: Իր խոսքում նա մասնավորապես նշել է. «Մայիսյան հերոսամարտերը նշանավորեցին միասնականության անպարտելիությունը, արդար դատի համար պայքարի անբեկանելիությունը, գաղափարներ, որոնք մենք վերահաստատեցինք 20-րդ դարի վերջին Արցախի ազատագրման պայքարում: Բոլոր տարաձայնությունները, տարբերվող կարծիքներն ու մոտեցումները երկրորդական դարձան եւ աշխարհասփյուռ հայությունը միավորվեց հայրենիքի հետ` հասնելու բարձրագույն գաղափարի իրականացմանը` անկախ հայրենիքի հաստատմանը»:
Տոնական միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես է եկել ամերիկահայ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը:
Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ Բելգիայի ու Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհե երիտասարդական միության, եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները:




























