Եվրոպական շուկաները շաբաթը սկսելեն դրական դինամիկայով. ըստ ամենայնի, ներդրողներին հանգստացրել են կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիճակի շարունակական բարելավման մասին հաղորդագրությունները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Լոնդոնյան FTSE եւ փարիզյան CAC-40 ինդեքսը օրվա կեսին ավելացրել են 0,6 տոկոս, իսկ Ֆրանկֆուրտի DAX-ը աճել է 0,7 տոկոսով:

Ասիայում նույնպես երկուշաբթի առեւտուրն ավարտվել է դրական նոտայով: Ճապոնական Nikkei ինդեքսը փակվել է 1,2 տոկոս բարձրացումով, հոնկոնգյան Hang Seng-ն աճել է 1,3 տոկոսով, իսկ ավստրալիական S&P / ASX-ը թռել է 2,5 տոկոսով: Հարավային Կորեայի KOSPI ինդեքսը ավելացրել է 1,2 տոկոս, Թայվանի TSEC ինդեքսը՝ 0,2 տոկոս, իսկ Մումբայի Sensex ինդեքսը՝ 0,7 տոկոս:

Շանհայում բորսան փակ է պետական տոնի պատճառով:

Ոսկին սակարկվում է մեկ ունցիայի դիմաց 1,903 80 դոլարով՝ 0,2 տոկոսով պակաս: Ամերիկյան նավթն աճել է 4.2 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 38.64 դոլարի, իսկ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.7 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց 40.74 դոլար:

Անցյալ ուրբաթ 74-ամյա Թրամփին տեղափոխել էին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն՝ այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակվել: Սակայն նախագահի բժիշկները ասում են, որ նա լավ է արձագանքում բուժմանը եւ արդեն երկուշաբթի օրը կարող է վերադառնալ Սպիտակ տուն: