Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան վերածել է 90-ական թվականների սկզբի Իրաքի ժամանակակից համարժեքի, նշում է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Ինչպես Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնը, Էրդողանը գիտի, որ չի կարողանալու պատասխանատվությունից խուսափել վատ կառավարման համար եւ հույսը դնում է հարեւանների արժեքավոր պաշարների ու միջազգային հանրության թուլության վրա։

«Տարածաշրջանում Թուրքիայի վերջին էսկալացիան ցույց է տալիս, որ Էրդողանի հավակնությունները վերահսկողությունից դուրս են եկել,- ասել է Ռուբինը։ - Վաշինգտոնի, Բեռլինի եւ Բրյուսելի համար հարցն այն է, թե կարո՞ղ են արդյոք Միացյալ Նահանգներն ու Եվրոպան այդ հավակնություններին դիմակայել մինչ այն, երբ Էրդողանը կսեղմի ձգանը»։ Ճիշտ նույնպիսի զուսպ արձագանք է եղել Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայիններին տարածաշրջանաին պատերազմներում օգտագործելուն՝ Լիբիայում, Իրաքում, իսկ հիմա նաեւ Ադրբեջանում՝ միջնորդների միջոցով մարտավարությամբ, որը հիշեցնում է իրանական «Հիզբոլլահին», եւ Անկարայի ավելի ագրեսիվ գործողություններին արտասահմանում իր այլախոհների նկատմամբ։

Ռուբինի կարծիքով՝ Արեւմուտքի անգործության կենտրոնում Գերմանիան է։ Դիվանագետները մասնավոր կարգով ասում են, որ կանցլեր Անգելա Մերկելը վախենում է, որ Էրդողանը կհրահրի Գերմանիայի մեծաթիվ էթնիկ թուրք բնակչությանը։

«Սա ձեռնտու է Պետքարտուղարությունում նրանց, ովքեր փորձում են խափանել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ջանքերը,- ասել է Ռուբինը։ Միակողմանի կարգով պատժամիջոցներ մտցնելու փոխարեն թուրք պաշտոնյաների եւ ընկերությունների դեմ, որոնք մասնակցել են կիպրոսյան կամ հունական ջրեր ներխուժմանը, միջին օղակի ամերիկացի դիվանագետները պնդում են, որ իրենք ցանկանում են պատժամիջոցներ սահմանել միայն Եվրամիության հետ միասին՝ իմանալով, որ Գերմանիան այն արդյունավետորեն կարգելափակի»։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հավանաբար, լուրջ խաղ է սկսել, երբ բանը հասնում է Թուրքիային, բայց գործնականում նրա Եվրոպական եւ եվրասիական գործերով բյուրոն ցանկացած գործողության դեպքում այն աստիճանի է դանդաղում, որ Էրդողանը համոզված է՝ հակազդեցության չի բախվի։

Փորձագետի կարծիքով՝ ապագայում թեժ կետ կարող է դառնալ կիպրոսյան առափնյա հանգստավայրային քաղաք Վարոշան, որը լքված է մնացել 1974 թվականին Կիպրոս Թուրքիայի ներխուժումից հետո։

«Էրդողանը ոչ միայն ցանկանում է ցուցադրել իր հաստատակամությունն այն բանից հետո, երբ նահանջեց Հունաստանի հետ վերջին ծովային վեճում, այլեւ նա եւ նրա առանցքային կողմնակիցները կարող են նաեւ միլիարդավոր դոլարներ ստանալ, քանի որ օգտագործում են Թուրքիայի պետական միջոցները եւ, հավանաբար, Թուրքիայի կողոպտած պաշարներից ստացվող եկամուտները,- ասել է նա։ - Սա համարեք սալյամի կտրելու Չինաստանի ռազմավարության թուրքական տարբերակ։ Էրդողանը վաղուց է պնդել, որ Թուրքիայի սահմանները որոշող պայմանագրերը պետք է վերանայվեն, Վարոշայի բնակեցումը նրան թույլ կտար իր հետորաբանությունը կյանքի կոչել»։