«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի ձերբակալության եւ նրա հացադուլի մասին այսօր կոչ-հայտարարություն են տարածել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեզ համար ակնհայտ է, որ Տիգրան Փոստանջյանի բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ, հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում քաղաքացիական ազատությունների համար պայքար մղող ու բազմաթիվ մարդկանց օգնող Զարուհի Փոստանջյանին, միաժամանակ կոչ անելով նրա եղբորը դադարեցնել հացադուլը, որպես բողոքի ծայրահեղ միջոց, քանի դեռ չեն սպառվել այլ միջոցները»:




























