Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշներին, որը այս տարվա ընթացքում նրանց երկրորդ հանդիպումն է:

Նրանք բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական, սերտ փոխհարաբերությունները, կարեւորել են երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Նալբանդյանն ու Քուշները հանգամանալից զրույց ունեցան Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Քուշները, ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը, հույս է հայտնել, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ:

Հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները ստորագրել են ՀՀ-ի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր: Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է: Է. Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: