«Երկիրն» իր խմբագրականում գրում է. «Որքան շատ է փոփոխվում «Ընտրական օրենսգիրքը», այնքան դրանից հետո անցկացվող ընտրությունների որակն ավելի է ընկնում: Եւ որեւէ երաշխիք չկա, որ գալիք ընտրություններն ավելի լավ են լինելու: Ընտրական համակարգի խաթարվածության հիմնական պատճառը օրենսդրության մշտական անկատարությունը չէ: Այլ` հասարակության լայն շերտերի իրավագիտակցության ցածր մակարդակը, ընտրությունների` որպես իշխանության իրացման միջոցի, երկրի կառավարման նկատմամբ սեփական պատասխանատվության եւ ընդհանուր հասարակական շահի չգիտակցումը:

Այլ կերպ ասած` քաղաքացիական կեցվածքի եւ մտածողության զանգվածային բացակայությունը: Եթե մարդը սովորել է վաճառել իր ձայնը, համակերպվել է, որ իր քվեն ոչինչ չի որոշում, իր ընտրությունը պաշտպանելու նկատմամբ ակնհայտ արհամարհանք է ցուցաբերում, ինչպիսի օրենք էլ գործի` իշխանությունը միշտ էլ վերարտադրվելու հնարավորություն գտնելու է: Դա է պատճառը, որ վերջինս համընդհանուր ուշադրությունն ամեն անգամ տեղափոխում է օրենսգրքի անկատարության, այսինքն` երկրորդական հարթություն` զանգվածներին պահելով պարզ մանիպուլյացիայի ճիրաններում: Իշխանությունը հասել է այն բանին, որ սա դարձել է կացութաձեւ, օրինաչափություն, կենսակերպ: Նման իրավիճակում գործնականում միակ ելքը մնում է կողքից հասարակությանն ինքնամաքրման, ինքնուրույն վերափոխման մղելը, օբյեկտից սուբյեկտ վերածելը»: