Հայաստանյան մամուլում վերջերս բազմաթիվ հրապարակումներ են լինում, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել՝ հաջորդ գումարման խորհրդարանում գործարար պատգամավորների թիվը կրճատելու մասին: Հավաստի աղբյուրներին հղումով տեղեկություններում նշվում է, որ որոշումը վերաբերելու է ոչ միայն Հանրապետական, այլեւ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին եւ անկախ պատգամավորներին: Լուրերը կարելի էր բամբասանք որակել, եթե չլինեին «գործարար պատգամավորների» ձեռնարկված քայլերը, որոնք հիշեցնում են ընդամենը մեկ քայլի հնարավորություն տեսնող «սկսնակ շախմատիստի» գործողություններ։
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորական մանդատից զրկվելու հնարավորությունը լրջորեն անհանգստացրել է թիվ 14 ընտրատարածքից ընտրված գործարար պատգամավոր Լյովա Խաչատրյանին, որը, տեղեկության համաձայն, «Կոնցեռն-էներգիա» եւ «Արմավիր լույս» ընկերությունների սեփականատերն է: Ըստ լուրերի՝ Խաչատրյանին բավական հանգամանալից բացատրել են, որ ավելի լավ է օրինաստեղծ աշխատանքի փոխարեն զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ:
Լյովա Խաչատրյանը, ըստ երեւույթին կանխատեսել է դեպքերի հնարավոր զարգացում, եւ հայաստանյան իրականության քաղաքական ամենաարդյունավետ «ընդհատակում», այսինքն՝ «էլիտար» խնջույքներից մեկի ժամանակ բաժակաճառը վերածել է «ընդդիմադիր գործչի» ելույթի, եւ երկրի տնտեսական-քաղաքական կյանքի փրկությունը տեսել է միայն «Ապարան-Արագածի ժողովրդի» կառավարության ստանձնման մեջ։
openarmenia.com կայքում տեղադրված տեսանյութում Խաչատրյանը, դիմելով հավաքվածներին, կարծիք է հայտնում, որ «քանի Ապարան-Արագածի ժողովուրդը չի փոխարինել կառավարական օղակներում մնացածներին` տնտեսությունն ու քաղաքական դաշտը շատ դժվար է զարգանալու»: Հասկանալի է, որ հայտարարությունը արվել է «Ապարան-Արագածի ժողովրդի ներկայությամբ»։ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը տեսնյութի տարածումից հետո պաշտոնական հայտարարություն տարածեց, որ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հայտարարությունները չեն արտահայտում հայրենակցական միության պաշտոնական տեսակետը, եւ այն արտահայտում է միմիայն Լ. Խաչատրյանի անձնական տեսակետը:
Այսինքն՝ հայրենակցական միությունը «ձեռքերը լվաց», եւ միության հիմնական ու ազդեցիկ դեմքերից մեկին թողեց միայնակ «դառը իրականության» դեմ։
Պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում զարմանք է արտահայտել տեսանյութի ցանցում հայտնվելու փաստով, բացի դրանից հավաստիացրել, որ «Նիգ-Ապարանի» անդամները քաղաքական բաժակաճառի պահին ոգեւորությամբ են ընդունել առաջարկ-մաղթանքը։
Հասկանալի է, որ Ազգային Ժողովի մանդատների շուրջ «անդրկուլիսային թեժ» պայքար է սկսվել, եւ «զոհերի» մի մասը,թերեւս արդեն որոշված են։ Բայց խնդիրն այն է, որ զոհերը համաձայն չեն «անարդար» որոշման հետ, քանի որ զրկվում են շատ ցանկալի «անձեռնմխելիությունից», «արտոնյալ բիզնեսմեն» կարգավիճակից։ Հետաքրքիր է «զոհերը», որքան կընդդիմանան, եւ քաղաքական ընդդիմադիր բաժակաճառերը կփոխարինե՞ն արդյոք քաղաքական ճառերով։
Ի վերջո կա նաեւ այլ տարբերակ։ Եթե «գործարար պատգամավորներ են», ապա հնարավորություն է ստեղծվել Ազգային Ժողովից գնալ «վաստակած թոշակի», փորձել ծանոթանալ բիզնեսի տարրական կանոններին, որպեսզի արտոնյալ դիրքի կորուստից հետո ի զորու լինեն ուժերը չափել «դավթարով» ժամանած հարկային տեսուչի պայծառ մտքի թռիչքի հետ։
Արմեն Գեւորգյան



























