«Անվտանգությունը քո ձեռքերում է» ծրագրի շրջանակներում 2011թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երեւանի երեք դպրոցներում` թիվ 67, թիվ 114 եւ թիվ 128, իրականացվել է ճանապարհային երթեւեկության կանոնների դասավանդում:
Այն իրականացվել է Հայաստանի Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի եւ «Կոկա Կոլա Բոթթլինգ Քամփանի Արմենիա» ընկերության կողմից:
Այս առթիվ մայիսի 27-ին տեղի կունենա քննարկում, որին կմասնակցեն ԿԳՆ-ի, Ճանապարհային ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի դպրոցների, ավտոդպրոցների եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների դիտարկման համաձայն, աշխարհում ճանապարհային երթեւեկության պատկերը հավասարեցվում է համընդհանուր աղետի, եւ եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչ 2020թ. ՃՏՊ հետեւանքով մահն աշխարհում կդառնա մահվան հիմնական պատճառը:
Յուրաքանչյուր տարի ճանապարհային պատահարների հետեւանքով աշխարհում մահանում է 1 300 000 մարդ: Պատկերավոր համեմատական ներկայացնելու համար` այդ թիվը հավասար է, նրան, որ յուրաքանչյուր տարի Երեւանի նման մի քաղաք վերանում է: Յուրաքանչյուր 3-րդ րոպեին զոհվում է մեկ երեխա:




























