Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում մայիսի 25-ին տեղի է ունեցել կոմիտասյան համերգ-դասախոսություն, որը հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի հետ համատեղ կազմակերպել էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ):

Երեկոյի ընթացքում, ջութակի (Լուսինե Հարությունյան) եւ դաշնամուրի (Արփինե Կալինինա) փոխադրությամբ, հնչել են լավագույն նմուշներ մեծն Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիա` կոմիտասյան մեղեդիների հիման վրա:

«Կանթեղ» համույթը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը խոստումնալից երգահան, ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Ա.Կալինինան է, նպատակ ունի լայն հանրությանը` հատկապես երիտասարդներին, հասու դարձնել մեր դասական երաժշտության գանձերին` Կոմիտասից մինչեւ արդի հայ երգահաններ:

Համերգին հրավիրված էին նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ: