Եթե Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կանխատեսվում էր 7.1 տրիլիոն դրամի մակարդակում, ապա այժմ ակնհայտ է, որ այդ ցուցանիշը գերագնահատված է առնվազն 1 տրիլիոն դրամով: Այս մասին նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Սակայն նույնիսկ այդ դեպքում կառավարությունն անհրաժեշտ է համարում պահպանել կապիտալ շինարարության ծավալը, ինչը կօգնի աշխատատեղեր ստեղծել եւ ամրացնել ենթակառուցվածքները հանրապետությունում:
«Կապիտալ ծախսերի ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ 3.2 տոկոս կկազմի, եւ դա ամենաբարձրներից մեկը կլինի բոլոր տարիների ընթացքում: Ընդ որում, կառավարությունը մտադիր չէ կրճատել ընթացիկ ծախսերը, մասնավորապես` առողջապահության, կրթության եւ սոցիալական աջակցության գծով: Դրանք 2020-ի համեմատ կաճեն եւ նույնիսկ` նախաճգնաժամային 2019-ի համեմատ: Մասնավորապես, 2019-ի համեմատ, առողջապահության ծախսերը կաճեն 2.1 տոկոսով, կրթությանն ու մշակույթին ուղղված ծախսերը` 1.2 տոկոսով, իսկ սոցիալական ապահովության ծախսերը 2020-ի համեմատ կաճեն 2.2 տոկոսով: Այս ծախսերը կհաջողվի պահպանել պետական բյուջեի համալրման համար վարկերի շնորհիվ, որոնք հանրապետությունը կստանա ԱՄՀ-ից` մինչեւ 420 միլիոն ԱՄՆ դոլարի չափով»,- պարզաբանեց նախարարը:





























