Դժվար է ասել, թե որքանով են արդյունավետ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությունը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակ էր նա իր առջեւ դրել, եթե այն կայանում էր միայն Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների մասին հայերին տեղեկացնելու մեջ, ապա նշանակում է, որ նպատակին հասել է, իսկ եթե նախագահը ցանկանում էր սփյուռքին համոզել արձանագրությունների ստորագրման նպատակահարմարությունը, ապա առաքելությունն անհաջողության մատնվեց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այնուամենայնիվ, ես ուզում եմ հուսալ, որ Սփյուռքի կարծիքը թեկուզ ինչ-որ դեր կկատարի արձանագրությունների ստորագրման ժամանակ, հակառակ դեպքում, եթե Սփյուռքը լսելի չդառնա, կսկսվի ազգի պառակտման գործընթացը, ինչը սպառնալիքի տակ կդնի հայոց պետականության ապագան»,- հայտարարել է Մինասյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ՀՅ Դաշնակցությունն արդյո՞ք իրեն համարում է հանրապետական Գալուստ Սահակյանի արտահայտությունների հասցեատեր, որը նախագահի համահայկական շրջագայության ընթացքում բողոքի զանգվածային ակցիաների կազմակերպիչներին անվանել է դավաճաններ, Մինասյանը հայտարարել է. «Նման արտահայտությունները ազգին տանում են պառակտման։ Տարօրինակ է, որ դրանք անում է Գարեգին Հժդեհի գաղափարախոսությունը դավանող հանրապետականը։ Չէ որ Նժդեհը ասում էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը հնարավոր է միայն նրա նկատմամբ հաղթանակից հետո։ Եվ երկրորդ, ազգի ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի նման արտահայտություններ անելու նրա մյուս ներկայացուցիչների հասցեին»։

Մեկնաբանելով հաճախ հնչող այն դիրքորոշումը, թե Սփյուռքւ ի վերջո չի կարող ոչինչ անել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ, Ա.Մինասյանը հայտարարել է, որ նման արտահայտությունները շանտաժ են հիշեցնում։ "Դա ազգի համար կործանարար մոտեցում է։ Չգիտես ինչու բոլորը Սփյուռքի կարեւոր դերի մասին հիշում են այն ժամանակ, երբ նրանից ֆինանսական աջակցություն են ակնկալում,- հայտարարել է Մինասյանը՝ վերջում ցանկանալով. «Տա աստված, որպեսզի արձանագրությունները չստորագրվեն»։

Նշենք, որ նախագահի համահայկական շրջագայությունն ավարտվել է հոկտեմբերի 7-ին։ Գործնականում հայկական բոլոր համայնքների ներկայացուցիչները նախագահի այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպել հայ-թուրքական արձանագրությունների դեմ։