Պատերազմի շրջանում մեծ նշանակություն ունի անձնական տվյալների պաշտպանությունը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ անօրինական գործողությունները դրսեւորվում են 2 միջոցով՝ ստացված տվյալների օգտագործում կոնկրետ անձի դեմ եւ տվյալների օգտագործում ապատեղեկատվություն, խուճապ տարածելու համար: Պատերազմի շրջանում երկրորդ միջոցն ավելի լայն տարածում եւ նշանակություն է ձեռք բերում: Ընդ որում, որքան շատ իրական տվյալներ է հաջողվում ստանալ, այնքան մեծ շատ թվով իրական էջեր են հաջողվում կոտրել կամ հասանելիություն ստանալ դրանց նկատմամբ:
«Նոր ֆեյք օգտահաշիվները կարելի է միանգամից նույնականացնել: Իսկ ահա իրական օգտահաշիվը դժվար է եւ դրա միջոցով հեշտ է վստահության հասնել: Որքան շատ են իրական տվյալները, այնքան հեշտ է ապատեղեակտվություն տարածելը: Ուստի կարեւոր է զգոն լինել, հետեւել համացանցում հիգիենային, պահպանել անձնական տվյալները, դժվար գաղտնաբառեր ստեղծել եւ գաղտնաբառի պաշտպանության երկմակարդակային համակարգ օգտագործել, չտեղադրել ձեր կամ մյուսների մասին կարեւոր տեղեկատվություն, այլ անձանց չփոխանցել գաղտնաբառերն ու այլ կարեւոր տեղեկատվություն: Մարդիկ պետք է հասկանան, որ դա միայն իրենց անձնական կյանքը չէ, տվյալները կարող են օգտագործվել որպես միջոց հանրության դեմ»,-զգուշացրեց Հայրապետյանը:
Նա հիշեցրեց ֆիշինգի մասին, այսինքն՝ ֆեյք օգտահաշիվները օգտագործելով օգտատիրոջը «որսալը»: Հենց նման կերպ են գործել «Հայաստան» հիմնադրամի կեղծ էջը ստեղծողները: «Հնարավոր է ստանալ հաղորդագրություն իբր Ֆեյսբուքից, որտեղ ձեզ խնդրում են նշել գաղտնաբառը: Եթե օգտատերը խայծը կուլ տա եւ նշի գաղտնաբառը, ապա որեւէ պաշտպանություն չի կարող արդյունավետ լինել: Կարող են գրել ընկերոջ գողացած էջից եւ տվյալներ խնդրել: Կամ էլ բանկից: Բոլոր դեպքերում պետք է ստուգել կապի այլընտրանքային միջոցների միջոցով»,-նշեց փորձագետը:
Նա օրինակ բերեց իրական կյանքից. «Հեռանալով՝ դուք փակում եք դուռը: Վիրտուալ աշխարհում եւս պետք չէ բաց թողնել դուռը: Չէ՞ որ դռան բանալիները չեք բաժանում, իսկ դռնա վրա բարդ կողպեք եք դնում: Ընտրեք բարդ, երկմակարդակային գաղտնաբառ: Վտանգի զգացողությունը պետք է դաստիարակել նաեւ համացանցում: Հայտնի են դեպքեր, երբ փորձում են հավաքել մարդկանց մասին տվյալներ եւ հեռախոսահամարներ, տեղեկություն ստանալ ռազմաճակատի մասին: Շատ կարեւոր է նման տեղեկությունը չփոխանցել անծանոթների»:
Գործակալության պետը հիշեցրեց, որ խաղաղ ժամանակաշրջանում թշնամին ակտիվ կիրառում է նման տեխնոլոգիաները: Օրինակ, ադրբեջանցի հաքերները գողացել եւ հրապարակել են Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ցուցակները: «Տեղեկատվական պատերազմը միշտ է եղել՝ անկախ մարտական գործողությունների ինտենսիվությունից: Այժմ նրանք հրապարակում են իբր զոհվածների ցուցակներ՝ իրականում ողջ մարդկանց ցուցակներ, որոնց հավելում են իսկապես զոհվածների պաշտոնական ցուցակներ՝ ճշգրտության համար»,-նշեց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ որպես զգուշության հավելյալ միջոց պետք է էլ. փոստից ջնջել կարեւոր հաղորդագրությունները: Այդպիսով, եթե էլ. փոստը կոտրվի, դուք կկորցնեք էլ. փոստը, այլ ոչ թե կարեւոր տեղեկությունը:





























