«Ոմանք այս օրերին փորձում են կարծիք տարածել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է: Անհիմն, թյուր եւ անտեղյակության գոհարներ են իրականում նման մտքերը, որոնք երբեմն հրամցվում են նաեւ որպես վերլուծությունների արդյունք»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին՝ Դոնի Ռոստովում հայկական համայնքի հետ ունեցած հանդիպմանը, ուր նա այցելել էր համահայկական ուղեւորության շրջանակներում:

«Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում՝ նաեւ ՀԱՊԿ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատեսը կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնեն նույնիսկ ամենաթերահավատների կասկածանքներին»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահը Դոնի Ռոստովում էր գտնվում համահայկական շրջագայության շրջանակներում: Մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը եղել է Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: