Խորվաթիայում Արեւմտյան Բալկանների բոլոր պետությունների համար գրանցվել է COVID-19-ից մահացության օրական առավելագույն թիվը՝ 78 զոհ, հայտնում է ազգային ճգնաժամային շտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արեւմտյան Բալկանների տարածաշրջանի բոլոր երկրների համար մահացության վերջին հակառեկորդը Խորվաթիան սահմանել էր դեկտեմբերի 1-ին, երբ կորոնավիրուսից 75 հիվանդ էր մահացել:

«Անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ի 4135 նոր դեպք է գրանցվել, համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 523-ի: Անցած օրվա ընթացքում 78 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ 2562»,- շաբաթ օրը հաղորդել է ճգնաժամային շտաբը:

Նշվում է, որ հիվանդանոցում բուժում է անցնում 2792 հիվանդ, որից 295-ը` միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին:

Շաբաթ օրը Խորվաթիայում ուժի մեջ են մտել նոր սահմանափակող միջոցառումներ՝ կապված առեւտրային ոլորտում համավարակի հետ: Այժմ 10 ք/մ-ից պակաս տարածք ունեցող առեւտրային կետում միայն մեկ հաճախորդ կարող է գտնվել: Ավելի մեծ խանութներում եւ սուպերմարկետներում, կախված տարածքից, մեկ անձի համար տարածքը պետք է լինի 12-20 ք/մ:

Խորվաթիայի իշխանությունները նոյեմբերի 28-ից խստացրել են համավարակի դեմ պայքարի նախկին միջոցառումները: Ավելի քան 25 հոգոու մասնակցությամբ բոլոր հանրային միջոցառումներն ու հավաքույթներն արգելված են: Մասնավոր հավաքույթներին եւ տոնակատարություններին կարող է մասնակցել մինչեւ 10 մարդ: Բոլոր հասարակական միջոցառումները եւ տոնակատարությունները կարող են անցկացվել ոչ ուշ, քան ժամը 22։00-ն: Դրսում, որտեղ մարդկանց միջեւ հեռավորությունը մեկուկես մետրից պակաս է, պարտադիր է դիմակ կրելը: Հարսանիքները դադարեցվել են, իսկ հուղարկավորություններին կարող է մասնակցել մինչեւ 25 մարդ: