Կիրակի Նյու Յորքի Սուրբ Հովհաննես մայր տաճարում երգչախմբի ելույթի վերջում կրակոցներ արձակած անհայտ անձին ոստիկանները գնդակահարել են: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանության քաղաքային վարչության մամուլի ծառայությանը:

«Մի մարդ կրակոցներ է արձակել, ոստիկաններն արձագանքել են: Այդ մարդը գնդակահարվել է, նա մահացած է»,- տեղեկացրել են ոստիկանության մամուլի ծառայությունից: Կրակողի մարմինը տեղափոխվել է Սենթ Լյուկի հիվանդանոց:

Ոստիկանության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Դերմեթ Շին հայտնել է, որ հրաձիգը​ չի հասցրել էրեւէ մեկին սպանել կամ վիրավորել:

Ոստիկանության ղեկավարը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե նախնական վարկած արդյոք կա՞ կրակողի  դրդապատճառների մասին: «Այդ մարդը կարող էր քրեական անցյալ ունեցած լինել, դա պետք է հաստատի մատնահետքերի փորձաքննությունը: Մինչ այդ մենք նրա անունը չենք հրապարակի»,- ասել է քաղաքային ոստիկանության ղեկավարը:

Հանցագործության վայրում հայտնաբերվել է երկու կիսաավտոմատ ատրճանակ եւ պայուսակ: Պայուսակի մեջ եղել է բենզինով տարա, պարան, լարեր, մի քանի դանակ եւ Աստվածաշունչ: Օպերատիվորեն դեպքի վայր հասած ոստիկանները 15 կրակոց են արձակել: Տղամարդը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:

Տաճարի մամուլի ծառաայությունը եւս հաստատել է, որ հավաքվածներից ոչ մեկը չի տուժել եւ շնորհակալություն է հայտնել առաջինը օգնություն հասնողներին ու տաճարի ելքի մոտ կրակոցներին օպերատիվորեն արձագանքողներին:

Արտաակարգ դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով 16:00-ին Մանհեթենի 112-րդ փողոցի եւ Ամստերդաամ ավենյուի խաչմերուկում: Քաղաքային խորհրդի անդամ Մարկ Լեւայնը հայտնել է, որ մի տղամարդ անկանոն օդ է կրակել  «շուրջ 400 մարդու» ներկայությամբ: «Տղամարդը մագլցել է տաճարի մեջ գտնվող շինափայտի վրա մոտ 16:00-ին ծննդյան ժամերգության ժամանակ: Նա սկսել է անկանոն օդ կրակել»,- նշել է Լեւայնն իր թվիթերյան էջում:

Քաղաքային խորհրդի անդամի խոսքով՝ կրակողը «բղավել է, թե ցանկանում է, որ իրեն սպանեն»: Ոստիկանության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հաստատել է: