Սաուդյան Արաբիայի քաղաքացին, որը ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ներգրավվել է «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների ցուցակում, Թուրքիայի կառավարության ինքնաթիռով գաղտնի տեղափոխվել է այն ժամանակվա վարչապետ եւ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով:
Ըստ Nordic Monitor-ի աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի, եգիպտական ծագմամբ Յասին Ալ-Քադին, որը գտնվում էր ահաբեկչության ֆինանսավորման պատժամիջոցների տակ, 2011թ. հոկտեմբերի 26-ին գաղտնի տեղափոխվել է Թուրքիայի կառավարության TC-ANA ինքնաթիռով: Էրդողանը վերադառնում էր Ռիադ մեկօրյա ուղեւորությունից, ուր նա մեկնել էր ցավակցություն հայտնելու սուլթան բին Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահվան կապակցությամբ:
Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանը հատուկ եկել էր Ալ-Քադիին վերցնելու համար:
Այն ժամանակ ԱՄՆ գանձապետարանը Ալ-Քադիին համարում էր «Ալ-Քաիդա»-ի ֆինանսավորող, իսկ ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեն Անվտանգության խորհրդի բանաձեւով նրան ընդգրկել էր ահաբեկչական ցուցակում: Թուրքիայի կառավարությունը նույնպես հանդես է եկել պաշտոնական շրջաբերականով, որում նրան ճանաչել է որպես ահաբեկիչ եւ արգելել է նրա մուտքը Թուրքիա կամ միջոցների փոխանցումը: Ավելի ուշ Ալ-Քադին հանվել է ՄԱԿ-ի ցուցակից, որից հետո ԱՄՆ գանձապետարանը նույնպես հանել է նրա անունը ցուցակից:
Ալ-Քադին բիզնես է վարել Էրդողանի որդի Բիլալի, ինչպես նաեւ նրա հանցակիցների հետ Ստամբուլում, որտեղ նա մնացել է երկու ամիս: Ոստիկանության պետը նրան ուղեկցել է Էրդողանի հրամանով, որը ցանկանում էր ապահովել Ալ-Քադիի անվտանգ տեղաշարժը Թուրքիայում եւ օգնել հաղթահարել ցանկացած խնդիր, որոնք կարող էին ծագել նրա ապօրինի մուտքի եւ երկրում մնալու հետեւանքով:
Ստամբուլում Ալի Էրդողանը՝ նախագահ Էրդողանի զարմիկը եւ նրա անվտանգության ծառայության դե-ֆակտո ղեկավարը, դիմավորել է նրան ինքնաթիռի մոտ, եւ Ալ-Քադին տեղափոխվել է շքեղ մեքենայով, որը վարձակալել են հարուստ թուրք գործարարից:
Թուրքիայում գտնվելու ընթացքում Ալ-Քադիին ուղեկցել է բարձրաստիճան ոստիկանը, իսկ նրան տեղափոխող մեքենայի վարորդը եղել է Ալի Էրդողանի անձնական վարորդը: Պահակային ստորաբաժանումն ուղեկցել է Ալ-Քադիին՝ նրա անձնական եւ գործնական այցերի եւ շփումների ժամանակ:





























