Ուկրաինան եւ Թուրքիան տեխնոլոգիաների փոխանցման եւ գրոհային անօդաչու թռչող սարքերի ու կորվետների արտադրության մասին համաձայնագիր են կնքել։ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թուրքական ընկերությունների հետ համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը: Ստորագրումը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության նախագահ Իսմայիլ Դեմիրի գլխավորած թուրքական պատվիրակության այցի շրջանակներում:

Տարանի խոսքով՝ առաջին հերթին խոսքն այն նախագծերի մասին է, որոնք կոչված են արմատապես ուժեղացնել Սեւծովյան-Ազովյան տարածաշրջանում անվտանգության բարելավման նպատակով Ուկրաինայի ռազմածովային ուժերի մարտական կարողությունները:

Կողմերը քննարկել են միջկառավարական համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ընթացքը եւ նշել, որ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությունը պաշտպանության ոլորտում ունի ռազմավարական բնույթ:

Տարանը նշել է, որ դրանք ռազմական նշանակության ապրանքների մասին Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից կնքված պատմության մեջ առաջին արտաքին տնտեսական գործարքներն են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Անդրեյ Տարանը եւ Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, անօդաչու թռչող սարքերի եւ բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու եւ իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել: