Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ ակտիվացնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնք ձեռք բերելու պատճառով Վաշինգտոնը նախօրեին Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ս-400-ների ձեռքբերումը, որը դարձել է ԱՄՆ պատժամիջոցների պատճառը, Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, այս պատճառով մենք այդ քայլը չենք ընդունում,- այսօր իր Twitter-յան էջում նշել է ԺՀԿ պատգամավոր Ունալ Չեւիքյոզը: - Այն, ինչ հիմա պետք է անել, այդ համակարգերի հնարավորինս արագ օգտագործումն է, որի համար ներդրվել է 2,5 մլրդ դոլար»:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի եւ երկրի եւս երեք քաղաքացիների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի եւ Ֆարուք Յիգիթի դեմ սահմանափակումներ մտցնելու մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն՝ սահմանափակումները «հստակ ազդանշան» են այն մասին, որ ԱՄՆ-ն «CAATSA-ն կիրառելու է ամբողջությամբ» եւ «չի հանդուրժի ռուսական պաշտպանական եւ հետախուզական հատվածների հետ նշանակալի գործարքները»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները եւ խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը նաեւ շեշտել է, որ Անկարան «չի խուսափի միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»:





























