Լեռնային Ղարաբաղում ձյունը ծածկվել է արյունով, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

«Դեկտեմբերի 11-ին եւ դեկտեմբերի 12-ին մահաբեր միջադեպերը մոխրագույն գոտիներ առանձնացրեցին հրադադարի մասին հակիրճ հռչակագրում, որը մեկ ամիս առաջ ստորագրել էին Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան: 4 ադրբեջանցի զինվոր է սպանվել Հադրութ քաղաքի մոտակայքում: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, իր հերթին, դատապարտում է 6 հայ զինվորների վիրավորման փաստը»,-գրում է թերթը:

Ռազմաճակատի գիծը փոփոխվել է հօգուտ Ադրբեջանի, որը գրավել է Հին Թաղեր գյուղը, նախքան իրավիճակին կմիջամտեին ռուս զինվորները՝ նշում է թերթը:

«Խծաբերդ եւ Հին Շեն գյուղերի վրա հարձակումները՝ շրջափակում ստեղծելու նպատակով, անհաջողությամբ են պսակվել: Դա առաջին խոշոր միջադեպն էր նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց 44 օր տեւած պատերազմին, որի զոհ դարձավ առնվազն 6000 մարդ»,-նշվում է հոդվածում:

Ռուսների կողմից «մոռացված» տարածք

«Մարտական գործողությունների գոտին գտնվում է լեռնային տարածքում՝ Լաչինի միջանցքից հարավարեւելյան ուղղությամբ դեպի Ջեբրայիլ քաղաք-ուրվական: 6 գյուղ մնացել է հայկական հսկողության տակ, որը, իբր, գրավվել է ադրբեջանական բանկի կողմից խորհրդանշական քաղաք Շուշիի համար բախումների ժամանակ: Դա շրջան է, որը «մոռացվել է» 1960 ռուս զինվորների կողմից, որոնք տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու համար»,-նշում է թերթը:

«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրվա ընթացքում, ոչ 100 տոկոսով, սակայն հստակ հասկացրեց, որ իրավիճակը մնում է անկայուն: Ռուս զինվորների թիվը քիչ է, որպեսզի շփման ողջ գիծը փակվի, եւ ես վստահ չեմ, որ հայկական ղեկավարությունը գիտի, թե որտեղ են իր բոլոր զինվորները»,-թերթը մեջբերում է ռազմական փորձագետ Ռոբի Լիի՝ թվիթթերում արված գրառումը:

«Չնայած տարածաշրջանում տեղացած ձյանն ու դժվարանցանելիությանը, ռուսական զորքերը շտապեցին միջամտել, որպեսզի կանխվի լարվածությունը, որը վնաս կհասցներ նրանց իմիջին, եւ, հավանաբար, կխախտեր փխրուն հրադադարը»,-նշվում է հոդվածում: