Եթե հայ ժողովուրդը կարողանա իր վճռական «ոչը» ասել հայ-թուրքական արձանագրություններին, դրանք, շատ հնարավոր է, որ չստորագրվեն։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Ընդ որում նա ընդգծել է, որ եթե արձանագրությունների ստորագրումը տապալելու միակ ձեւը Հայաստանում իշխանափոխությունն է, ապա ՀՅԴ-ն կարող է գնալ եւ դրան։ «Սակայն, կրկնում եմ, որ իշխանափոխությունը Հայաստանում գերխնդիր չէ ՀՅԴ-ի համար, դա միայն ծայրահեղ ելք է, ի տարբերություն այն ուժերի, որոնք քնում ու տեսնում են, թե ինչպես են գալիս իշխանության, եւ հանուն դրա օգտագորրծում են հայ ժողովրդի համար ցանկացած, նույնիսկ թեկուզ չնչին կենսական կարեւորություն ներկայացնող հարցը։ Այդ ուժերն ասում են, ինչ լավ է, որ մեր առջեւ փոս է գոյացել, գնա Սերժ Սարգսյան, ընկիր այդ փոսը, իսկ մենք կանենք մեր գործը։ Իսկ ՀՅԴ-ն ասում է՝ զգո՛ւյշ, Սերժ Սարգսյան, մեր առջեւ փոս է, կանգնիր, որպեսզի չընկնես այնտեղ»,- հայտարարել է Հովհաննիսյանը։