Բաքուն պետք է պատասխանատվություն կրի ռազմական հանցագործությունների համար Ղարաբաղում: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, ով ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայից ժամանած լրագրողների խմբով մեկնել էր Ղարաբաղ, այցելել Շուշիի Ղազանչեցոց տաճարը, որն ավելի վաղ ենթարկվել էր ադրբեջանական բանակի առաջին հարվածին: «Մենք մտանք տաճար, կեսօր էր, նկարահանեցինք հանցագործության ապացույցները, եւ հասցվեց երկրորդ` նպատակային հարվածը: Կառավարվող զինամթերքը թռավ առաջին հարվածից գոյացած փոսի մեջ: Ուժեղ պայթյուն եղավ, ես ծանր վիրավորվեցի եւ մի քանի մետր այն կողմ թռա: Ապա սկսվեց իմ տարհանումը, ինձ հանեցին փլատակների տակից, ուղարկեցին Ստեփանակերտ, ապա տեղափոխեցին Երեւան: Մշակութային օբյեկտների վրա հարձակումն ուղղակի ռազմական հանցագործություն է, եւ դրանով պետք է զբաղվի միջազգային հանրությունը: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել պաշտպանության համար, այդ թվում` խաղաղապահների միջամտության միջոցով»,- ասել է նա:





























