Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատրաստվել էր ճգնաժամի ժամանակ, եւ դժվար է ակնկալել, որ հրադադարի ռեժիմի ապահովումից բացի, այն կլուծի հակամարտությունը, որը չի լուծվել 30 տարվա ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 18-ին առցանց քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով` դժվար թե հնարավոր լինի արագորեն ինչ-որ բանի հասնել` հաշվի առնելով, որ հակամարտությունը հին է, իսկ Ադրբեջանում պատերազմից հետո փոխզիջման ցանկությունն էլ ավելի է նվազել:

«Բաքուն ամեն ինչ անում է Արցախին ճնշելու համար եւ չի ցանկանում խաղաղ բանակցություններ վարել: Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հակամարտությունը, ինչպես դա արեց Հադրութում, Արցախի հարավային մասում, Շուշիում, եւ կշարունակի ձգտել զայրացնել հայերին եւ բարդացնել նրանց կյանքն Արցախում: Իսկ ահա Ղարաբաղի հարցը մնացել է այնտեղ, որտեղ կար»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ապա փորձագետի պարզաբանմամբ՝ դժվար է կանխատեսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առաջիկայում:

«Խնդիրը մեծապես սուր քաղաքական ճգնաժամն է, որը պետք է լուծել: Փողոցային իրադարձությունները դարձյալ կարող են հանգեցնել նրան, որ մարդիկ կարող են իշխանության գալ ոչ թե իրենց մասնագիտական հմտությունների, այլ այդ գործընթացներին մասնակցության շնորհիվ: Ներկայիս իշխանությունները նույնպես եկան նախորդ իշխանություններից բնակչության դժգոհության ֆոնին՝ հավատալով լավ կարգախոսներին»,- ամփոփեց Իսկանդարյանը: